Հոկտեմբերի 18-ը Զատիկյանների ընտանեկան օրացույցում հիշատակի օր է. ցավոք՝ հերթական ողբերգության օրը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախագահ, երջանկահիշատակ Վարազդատ Զատիկյանի մահվան տարելիցն է:
Այս տարի նա կդառնար 60 տարեկան: Ցավոք չհասցրեց տոնել իր 60-րդ տարեդարձը, փոխարենը հասցրեց լռությամբ և Զատիկյաններին բնորոշ արժանապատիվ խոնարհությամբ կրել իրեն վստահված երկրապահի բեռը՝ թիկունքում, երբ սահմաններում խաղաղ էր, և ընկերների, զինվորների հետ կրել առաջնագծի բեռը՝ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայատյաց թշնամին իր կերպարի մեջ էր:
Նա լիահույս էր, հավատում էր, որ պետք է վերադարձնենք կորցրած բարձունքը՝ Լելե թեփեն...
Վարազդատ Զատիկյանի կորուստը ոչ միայն Զատիկյանների երկրապահական եռասերունդ ընտանիքինն է, այլ նաև՝ ողջ հանրությանը։ Վարազդատն իր կյանքը նվիրել է հայրենիքին։ Իր հերոս եղբոր՝ Վահան Զատիկյանի հետ միասին «Մալաթիա» երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Պատերազմից հետո ևս բոլոր հնարավորություններով ծառայել է ազգին, հայրենիքին, միշտ կանգնած է եղել համայնքի զոհված, հաշմանդամ և նվիրյալ ազատամարտիկների ու նրանց ընտանիքների կողքին։
Հավատարիմ Երկրապահի իր կոչմանը՝ Վարազդատ Զատիկյանը տարիներ շարունակ ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ԵԿՄ կառույցը, և նրա հայրենանվեր գործունեությունն իսկական օրինակ է եղել կառույցի պատանի և երիտասարդ երկրապահների համար:
Հիշեցնենք, որ Վարազդատ Զատիկյանը հանկարծամահ եղավ 2018թ.-ի հոկտեմբերի 18-ին՝ Հոկտեմբերի 27-ի 19-րդ տարելիցից 10 օր առաջ: Նա, որպես ԵԿՄ ներկայացուցիչ, տարածքային կառույցի ղեկավար 4-րդ զոհն է Զատիկյանների ընտանիքից՝ 20 տարվա ընթացքում…
Հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ, կասկածելի հանգամանքներում մահացավ Վարազդատի ավագ եղբայրը՝ «Մալաթիա» ջոկատի հրամանատար, նույնանուն համայնքի և ԵԿՄ կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր, երջանկահիշատակ Վահան Զատիկյանը: Անձ, ում մահը ողբաց ողջ համայնքը՝ որբացած երեխայի զգացողությամբ: Նրա երկու որդիները ևս դաժան ճակատագիր ունեցան...
Ողջ երկրապահական ընտանիքն այսօր սգում է նրանց անժամանակ մահը:
Եվս մեկ անգամ ցավակցում և համբերություն ենք մաղթում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին՝ տարելիցի առիթով: Վստահ ենք, որ նա իր հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, անկոտրում կամքի շնորհիվ պիտի վառ և ուսանելի օրինակ լինի գալիք սերունդների համար:
Թող լույս իջնի շիրիմներիդ: Ննջեք խաղաղությամբ, հայ ազգի նվիրյալ զավակներ...
Հ.Գ. Երբեմն ուզում ես գոռալ՝ Աստվա՜ծ, դավաճաններին թողած Զատիկյաններին մի խլիր ազգից...