G7-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վեհաժողովներից հետո, որտեղ Ռուսաստանը հայտարարվել է որպես սպառնալիք, իսկ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու մասին, Կալինինգրադ տարանցումը սահմանափակելուց հետո Ֆրանսիայում անսպասելիորեն հրապարակվեց Պուտինի և Մակրոնի զրույցի սղագրությունը։
Ձայնագրության հրապարակումը կարող է նշանակել Մոսկվայի հետ բանակցությունների վերջին խողովակների փակումը, որոնք ենթադրում էին ինչ-որ փոխզիջում: Մոսկվան ամբողջովին թունավոր է դառնում, և նույնիսկ Մակրոնն այրում է կամուրջները։
Մոսկվան փոխել է մարտավարությունը և անցել «այրված հողերի» քաղաքականությանը ոչ միայն Ուկրաինայում, այլև այլ երկրներում՝ «եթե չեք ցանկանում ենթարկվել մեր պահանջներին, կստանաք տոտալ պատերազմ»։
Մոսկվան փորձում է Բելառուսը վերածել «միջուկային ռումբի»։ Լուկաշենկոն արդեն արտաբերում է «ինկորպորացիա» բառը։ Բողոքի ցույցեր են սկսել Կարակալպակստանի ինքնավարությունում, որում փորձագետները ռուսական հետք են տեսնում։ Կարակալպակստանում, որն Ուզբեկստանի տարածքի 40%-ն է, մտցվել է արտակարգ դրություն։
Ռուսական Բելգորոդում տեղի ունեցած պայթյունները մեծ ավերածություններ են առաջացրել. Մոսկվան մեղադրում է Ուկրաինային, սակայն փորձագետներն ասում են, որ դա Մոսկվայի արածն է: «Պուտինը որոշել է հիշել հին օրերը և հրամայել է հարվածել Բելգորոդի բնակելի թաղամասին, ինչպես 20 տարի առաջ ՖՍԲ-ն հրամայեց պայթեցնել Մոսկվայի և Վոլգոդոնսկի բնակելի շենքերը՝ որպես չեչենական պատերազմների համար վրեժ լուծելու պատրվակ», գրել է ՈՒկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Նա կարծում է, որ դա արվում է, որպեսզի «ռուսներին աստիճանաբար նախապատրաստեն համընդհանուր կամ մասնակի մոբիլիզացիայի անխուսափելիությանը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը հարվածում են միայն ռազմական օբյեկտներին. «Լուգանսկի շրջանի Պերվոմայսկում ոչնչացվել են Բախմուտի և Սլավյանսկի վրա հարձակման համար կուտակված զինամթերքի հսկա պահեստները։ Մելիտոպոլում հաջողությամբ ոչնչացվել են պահեստներ ու հրամանատարա-կառավարման կենտրոններ»։
Լրագիր