запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր երկրորդ ճիշտ քայլը

Իշխանությունը թավշյա հեղափոխականներին հանձնելով՝ Սերժ Սարգսյանը թերևս կատարեց առաջին տեսանելի ճիշտ քայլը՝ իր ողջ քաղաքական կյանքի ընթացքում: Դրանով բացվեցին Հայաստանը շնչահեղձ անող փականները: Այժմ մեզ նաև թթվածին է անհրաժեշտ:  Եվ դրա համար Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր երկրորդ ճիշտ քայլը...

Անկախության տարիներին տեղի է ունեցել պետության և անձանց թալան՝ առանձնապես խոշոր չափերով: Կոնկրետ մասնավոր ունեցվածքի խլման գործընթացը լայն թափ է ստացել հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ իներցիայով շարունակվելով նաև նրա իրավահաջորդի օրոք: Երկրում արմատավորված կոռուպցիայի պատճառով հետևողականորեն  ունեզրկվել են հայաստանաբնակները, մեր երկրում ներդրումներ արած բազմաթիվ անձինք, սփյուռքահայեր:

ԱՄՆ-ում շինարարական ոլորտի հաջողակ բիզնեսմեն, «Արին Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանը նրանցից մեկն է: Նա 8,5 մլն դոլար է կորցրել մեկ տասնյակից ավելի ներդրում արած սփյուռքահայերի հետ, ինչը հնարավոր է դարձել դատաիրավական համակարգի, հովանավորչության հետևանքով:

Այդ թալանին մասնակցած անձինք, որոնք եղել են Էդմոն Խուդյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից կամ գործել են նրանց անունից, կանգնած են դատարանի առաջ, թեև՝ ազատության մեջ:  Տվյալ դեպքում խոսքը Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործի մասին է:      

Ըստ մեղադրական եզրակացության`Վլադիսլավ Մանգասարյանը, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինարարություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Չնայած դատավոր Արմեն Բեկթաշյանը արհեստականորեն ձգձգում է դատաքննությունը, սակայն թավշյա հեղափոխությունն արդեն թակում է դատական համակարգի դուռը...

Երեկ՝ հունիսի 5-ին, պաշտոնից հեռանալու՝ իր հրաժարականի մասին ազդարարեց դատական համակարգում ամենակարևոր, առանցքային դեմքերից մեկը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: 

Ինչպես այդ, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ աշխատելու տարիներին հազարավոր մարդիկ նաև նրա գործողություններով կամ անգործությամբ են ունեզրկվել, իսկ նրանց գործերը՝ հայտնվել ՄԻԵԴ-ում՝ սկսած գերակա հանրային շահ ծրագրի անվան տակ արված թալանից:

ՄԻԵԴ հասած գործերից մեկով նույնիսկ այդ ատյանն էր խորը կասկած հայտնել  Արման Մկրտումյանի կողմնակալության մասին: Ուստի նրա հեռանալը մեծ հաշվով պետք է չեզոքացնի զանգով դատական ակտեր կայացնող դատավորների սպասումները՝ ստիպելով ինքնուրույնաբար աշխատեցնել «ժանգոտող» իրավական գիտելիքները՝ անձամբ կրելով դրանց պատասխանատվությունը:  

Համոզված եմ, որ դատական համակարգը որոշ հնաբնակներից ազատելու գործընթացը շարունակվելու է, բայց դա դեռ ամենը չէ:

Սույն թվականի սեպտեմբերին Հայաստան են ժամանելու Եվրոպական միության համապատասխան փորձագետները՝ գործընկերային հետազոտություններ անելու և հակակոռուպցիոն հանձնաժողովին օգնելու նպատակով: Այդ մասին օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա՝ Եվրոպական միությունը պատրաստ է օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, և Եվրամիության մի շարք կոնկրետ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են։

«Որպես Եվրոպական միություն՝ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին։ Այս պահին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանին աջակցելու մեր մի շարք կոնկրետ ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են։ Մենք կտեսնենք, թե կառավարության նոր ծրագրում ինչ կա, և պատրաստ ենք քննարկել, թե տեխնիկական մակարդակում ինչպիսի աջակցություն կարող ենք առաջարկել։ Չեմ կարող շատ բան բացահայտել, բայց կարող եմ արդեն իսկ հաստատել, որ մենք նոր կառավարության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այն մասին, որ սեպտեմբերին Եվրամիության հատուկ խումբ կժամանի Հայաստան, որը կանցկացնի, այսպես կոչված, գործընկերային հետազոտություն։ Դրա նպատակն է հայաստանյան գործընկերների հետ կիսվել կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական փորձով։ Մենք կբերենք Եվրամիության անդամ երկրներից լավագույն փորձագետներին, ովքեր ունեն փորձ և գիտելիքներ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով, և այդ փորձը կքննարկենք հայաստանյան գործընկերների հետ, դա տեղի կունենա սեպտեմբերին», - ասել էր դեսպանը։

Դեսպանի համոզմամբ՝ Եվրոպան շատ բան ունի ցույց տալու Հայաստանին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու առումով։

Հետևաբար ճիշտ կլինի, որ մինչև սեպտեմբեր մենք ինքներս նախաձեռնենք ինքնամաքրման գործընթացը՝ ապացուցելու, որ կամք ունենք՝ սեփական սխալներն ընդունելու, շտկելու, փոխվելու և ժողովրդավար պետություն դառնալու: 

Եվ այս առումով էական կլինի Սերժ Սարգսյանի երկրորդ ճիշտ քայլը՝ հորդորել իր անունից գործած անձանց, մերձավորներին՝ հնարավորինս արագ սկսել Էդմոն Խուդյանի գույքը վերադարձնելու գործընթացը:

Դա կարևոր ուղերձ կլինի նաև քրեաօլիգարխիային. սկսել սեփական անձից, հնարավորինս արագ հրաժարվել օրինականության դաշտ մտնելուն դիմադրելու փորձերից և համերաշխորեն ինտեգրվել ու ավարտին հասցնել նոր իշխանության որդեգրած՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը:

Դա անկախությունից ի վեր բոլոր նախագահների պաշտոնավարման ընթացքում կուտակված հանրային վտանգավոր բացասական էներգետիկան երկրից դուրս մղելու՝ հնարավորինս անվտանգ ու անցնցում ճանապարհն է:

Խոստացվել է՝ որ վենդենտաներ չեն լինելու և նոր իշխանության բուն նպատակը մարդկանց պատժելը, բանտարկելը չէ, այլ  պետությունից, ներդրողից խլվածը վերադարձնելը, որպեսզի երկրի չորացված ճյուղը կրկին ծիլ ու թթվածին տա: Իհարկե կարող է լինել նաև  օրինախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթաց, քանի որ դա  օրենքի, իրավունքի գերակայության հաստատման բաղադրատարր է, սակայն դա կլինի ավելի անցավ, հումանիստական դրսևորումներով՝ մեղմացուցիչ հանգամանքները առավելագույնս հաշվի առնելով:

Պարոն Սարգսյան, կատարե'ք ձեր երկրորդ ճիշտ քայլը. ազատեք դատավոր Արմեն Բեկթաշյանին երկու քարի արանքում մնալու և հերթական մեղքը գործելու վտանգից...

                                                                              Միլենա Միլիտոնյան