запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լեդի Հակոբի եղբորորդու պես Նաիրի Հունանյանն էլ կարող է հայտնվել ազատության մեջ

Վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը չափազանց վտանգավոր, անթույլատրելի նախադեպ է ստեղծել. առանց դատախազությանը, տուժող կողմին ծանուցելու, գաղտնի՝ դռնփակ նիստի կարգով ազատություն է տվել հանրային վտանգ ներկայացնող հանցագործին՝ Զատիկյան եղբայրներին սպանելու պատվեր տված Ստեփան Հակոբյանին:

Դատարանը փոխել է դատապարտյալի պատժի կրման ձևը.  Մալաթիայի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի որդիներից Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանը  (ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբի եղբորորդին) ՀՀ Վարչական դատարանի վճռով կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ։

Այլ կերպ ասած՝ Ստեփան Հակոբյանը առավոտյան կարող է դուրս գալ ՔԿՀ-ից,   իսկ երեկոյան վերադառնալ այնտեղ:

ՔԿՀ-ում դեմ են եղել, սակայն դատապարտյալն այն վիճարկել է դատարանում և դատավորի միջոցով դուրս պրծել: Ահա  Լիանա Հակոբյանի «գլուխգործոցը». Այդ դատական ակտով նա վճռել է՝

«1. Ստեփան Հակոբյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 13.02.2019թ. թիվ 84 որոշումը վերացնելու և պատասխանողին Ստեփան Հակոբյանին մեկուսացվածության առավել ցածր՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել. պարտավորեցնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը Ստեփան Հակոբյանին տեղաբաշխել մեկուսացվածության առավել ցածր՝ բաց ուղղիչ հիմնարկ, անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 13.02.2019թ. թիվ 84 որոշումը:
2. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում...»:

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը Մալաթիայի ոսկու շուկայի տիրոջ՝ Սիմոն Հակոբյանի որդին է, ում հանցակիցը սույն դեպքով նույն թաղամասի բնակիչ,  «պրոֆեսորի տղա» մականունով հայտնի և բանտում մահացած Էդիկ Խաչատրյանի որդին է՝ Նարեկ Խաչատրյանը:

Վերհիշենք դեպքը. 2006թ. հունիսի 22-ին Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգի կրակահերթից սպանվել էր Սեդրակ Զատիկյանը և պատահական մի անցորդ: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվել էր 2011 թ․դեկտեմբերին: Նա դատապարտվել էր 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ շահադիտական դրդումներով և պատվերով սպանության կազմակերպում:

Սպանությունից 9 տարի անց հայտնաբերվել էր նաև մյուս պատվիրատուն՝ Նարեկ Խաչատրյանը, մեղավոր  էր ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Եվ ահա Ստեփան Հակոբյանը կրկին հանրության մեջ է. ստացել է Մալաթիայի փողոցներում հայտնվելու իրավունք, որտեղ ավելի վաղ մարդկանց սպանդ էր իրականացվել՝ հենց նրա պատվերով:

Այսինքն, դատավոր Լիանա Հակոբյանը նման դատական ակտ կայացնելիս արհամարհել է հանրության, տուժողների շահը, նսեմացրել դատախազության հեղինակությունն ու դերը. անհասկանալի հիմքերով, պատճառաբանությամբ կամ դրանց բացակայությամբ բաց է թողել կրիմինալ ենթամշակույթով ապրող հանցագործին, ով հայտնի է նաև որպես բանտերում մարմնավաճառության ծառայություններից անարգել օգտվող և բազմաթիվ տույժեր ունեցող անձ: Հետաքրքիր է՝ դատավորը կարողացե՞լ շրջանցել բաց ռեժիմ տեղափոխելու համար արգելեք հանդիսացող այս հանգամանքները, թե՞ չի կարողացել, դրա համար էլ գործը պահվել է հատուկ վայրում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործը քննվել է դռնփակ, ուստի այն պահպանվում է ՀՀ վարչական դատարանի նախագահի մետաղական պահարանում»,- նշել է դատավորը: 

Ի դեպ, տարիներ առաջ դատավոր Լիանա Հակոբյանը մասնակցել է ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպած մրցույթին, որի արդյունքում պետք է ընտրվեր  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր: Բարեբախտաբար նա չընտրվեց այդ պաշտոնում: Փոխարենը, դժբախտաբար, ինքը կանաչ լույս վառեց քրեական մշակույթով ապրողների առաջ, ինչի դեմ պայքար է սկսում նոր իշխանությունը:

Նշված վճռի հետ կապված իր բողոքն է հայտնել տուժող կողմը. տուժողի իրավահաջորդը դիմել է գլխավոր դատախազին՝ հայտնելով իր տարակուսանքը. Ինչպես է եղել, որ ՔԿՀ-ներում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած և բազմաթիվ իրավախախտումների համար տույժերի ենթարկված հանցագործը հայտնվել է ազատության մեջ: 

Տուժող կողմի կարծիքով սա բոլորովին էլ պատահականություն չէ. «Ես չեմ ուզում ենթադրություն անել, որ օրենքի խախտումները թույլ են տրվել հատուկ դիտավորությամբ կամ գիտակցաբար, սակայն ակնհայտ է, որ հանցագործը հայտնվել է ազատության մեջ անգամ չկրելով դրա համար նախատեսված պատժաչափը, քանի որ օրենքով նախատեսված է, որ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝ բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել  առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո:  

Այսինքն, Ստեփան Հակոբյանի նկատմամբ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հարցը կարող էր քննարկվել նշանակված 14 տարի 11 ամիս պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո միայն, մինչդեռ նա 02.08.2019թ.-ի դրությամբ կրել է իր նկատմամբ նշանակված պատժից  7 տարի 8 ամիսը»,- նշել է տուժող կողմը՝ խնդրելով ստուգել դիմումում նշված փաստերի իսկությունը, վարչական դատարանի վճռի օրինականությունը, կանխել Ստեփան Հակոբյանի՝ վաղաժամ ազատության մեջ հայտնվելու, բաց ուղղիչ հիմնարկում  պատիժը կրելու ակնհայտ  անօրինական գործողությունները:  

Միաժամանակ խնդրել են՝ վարչական գործին վերաբերող փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները: 

Նկատենք, որ եթե այս վճիռը չվերացվի, այն կարող է նախադեպ դառնալ նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների սիրահար կրիմինալ շրջանակների և, ինչու չէ՝ նաև հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին գաղտնի կերպով ազատության մեջ թողնելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս նա ևս դիմել էր իրավասու մարմիններին՝ ազատության մեջ հայտնվելու ակնկալիքով:Սակայն 2019 թ. սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել էր բացասական զեկույց: Հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել էր բացասական զեկույց:

Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ ՔԿՀ-ի վարչակազմը 2019 թ. հոկտեմբերի 28-ին ընդունել էր Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: ՔԿՀ-ի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:

Հ.Գ. Այդուհանդերձ, մեկ անգամ ևս արձանագրենք, որ հանրության, պետության համար վտանգ ներկայացնող անձանց, կլանների տեղը ՔԿՀ-ներում է, իսկ նրանց սպասարկող դատավորների, իրավապահների տեղը անխոս ու առնվազն դատական,  պետական համակարգում չէ: Եվ հակակոռուպցիոն ավելը հենց նրանցից էլ պետք է սկսի համապետական, համադատական վեթինգի գործընթացը:   

                                                                             Միլենա  Միլիտոնյան