запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վճռաբեկի ՀՌուզանի պալատի լղոզած նախադեպը. 3.300 $-ով՝ բնակարան

Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո դատավոր Ռուզաննա Հակոբյանը «ռակետային» առաջխաղացում ունեցավ.  դարձավ ԲԴԽ անդամ, հետո՝ Վճռաբեկ դատարանի պալատներից մեկի նախագահը: Սակայն այդ առաջխաղացումը կարծես սպառնում է անդունդը հրել քիչ թե շատ ծիլ տվող արդարադատությունը:

Վճռաբեկի ՀՌուզանի պալատը կարծես անհաղորդ է թավշյա հեղափոխությանը՝ ինչպես սովետի մեկուսարան...

Մարտի 27-ին կրկին անդրադարձել էինք խարդախության զոհ դարձած Երեմյանների  7 հոգանոց ընտանիքի պատմությանը http://lakmoes.am/iravunq/4976-2019-03-27-18-40-13:

Շտապ վիրահատության համար վերցրած 3.300 դոլարի  պատճառով նրանք կարող են զրկվել երեք սենյականոց բնակարանից, որովհետև հակառակ կողմի բողոքը մերժելու փոխարեն Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել այն, «թթու դրել» 1 տարի 3 ամիս, խախտել դատաքննության ողջամիտ ժամկետները և «թթված» վճռով փչացրել ստորադաս դատարանների՝  2017թ.-ին կայացված օբյեկտիվ դատական ակտերը: Մինչդեռ դրանցով հնարավորինս շտկվել էր ավելի վաղ կայացված /2011թ-ի և 2014թ.-ի/ և օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերի միջև առկա հակասությունը՝ միջնորդի միջոցով հանձնված գումարի չափի մասով. 2011թ-ի վճռով նշվել էր 15.000 դոլար, իսկ ավելի ուշ բացահայտված խարդախության գործով պարզվել էր, որ եղել է 11.000 դոլար:

Դրանցում առկա փաստերը համադրելով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը հանգել էին եզրակացության, որ ամեն դեպքում՝ դրանից Երեմյաններին հանձնված գումարը եղել է 3.300 դոլար / համարժեք/: Վճռաբեկ դատարանը միայն այդ հանգամանքը հաստատելու կամ հակասությունը հարթելու դեպքում կարող էր օգնած լինել գործին, բայց...   

Այս գերագույն դատական ատյանը՝  պալատական 11 դատավորներով, պետք է կայացներ այնպիսի դատական ակտ, որն իր հիմնավորվածությամբ, պատճառաբանվածությամբ և օրինականությամբ լիներ անխոցելի ու պիտանի՝  օրենքի միատեսակ կիրառության համար: Ու թեև այդ հիմնավորմամբ էլ ընդունել են վարույթ, բայց հոնքն ուղղելու փոխարեն  միանգամից «գլուխն են կտրել».  ստորադաս դատարանների տրամաբանված դատական ակտերը «թաղել են»՝ բուն խնդրից շեղող բողոքի տակ: «Տանձի» ու «խնձորի» օգտակար հատկություններն առանձնացնելու փոխարեն  քննարկել են Նարինեի  «ցանած» «կարտոշկի» հասունացման ժամկետը:     

Մարտի 29-ին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացրեց մի լղոզված ու խայտառակ դատական ակտ՝ հայցային վաղեմության հիմքով. վտանգավոր նախադեպ, որը կարող է դառնալ «համաներման ակտի» փոխարինիչ, պատասխանատվությունից խուսափելու միջոց՝ խարդախությամբ, վաշխառությամբ մարդկանց տնազրկած տասնյակ անձանց կամ խմբերի համար, որոնք կամ ազգականներ են ունեցել դատաիրավական համակարգում կամ սովորաբար եղել են հովանավորվածի կարգավիճակում:

Տվյալ դեպքում գործող անձինք թակարդում հայտնված Երեմյանների ազգականուհի Գայանեն է, վերջինիս ծանոթ՝ բնակարանային խարդախության գործերով «խրոնիկ» մեղադրյալ Արտակ Մարտիրոսյանը /ով գործարքի պահին մեկ այլ գործով եղել է հետախուզման մեջ/,  նախկին դատախազի ազգական՝ նոտար /այժմ՝ նախկին/ Սվետլանա Բադիրյանը, փոխառությամբ գումար տվող և դրա դիմաց մարդկանց գույքը պահանջող «խրոնիկ» հայցվոր  Նարինե Ասատրյանը: Դատական երրորդ ատյանի լղոզած ակտը վերջիններիս օգտին է:

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017թ. որոշման դեմ Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ ԵՄԴ 1252/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի՝ 12.03.2011թ.-ին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 դրամ գումարի չափով կնքված, իսկ 4.300.000 դրամ գումարի մասով չկնքված համարելու պահանջների մասին: Բեկանեց 16.11.2017թ.-ի որոշումը, փոփոխեց՝ հայցը մերժեց:

Դատական ակտը ստորագրված է պալատի գրեթե բոլոր դատավորների կողմից: Միայն  Ե. Խունդկարյանն ու Ս. Անտոնյանը չեն ստորագրել, հատուկ կարծիք են հայտնել, որոնցում սակայն բազմանդամ ընտանիքի համար մխիթարական որևէ բան չկա: Մեկնաբանություններն են տարբեր, արդյունքի հետ համաձայն են,  Նարինե Ասատրյանի բողոքը ամեն կերպ բավարարելու ձգտումն էլ նկատելի է:

Ու՞ր է անցումային արդարադատության «ցախավելը»

Դատական նիստի մասին չեն ծանուցել Երեմյաններին ու նրանց  շահերի ներկայացուցչին՝ խուսափելով բանավոր ընթացակարգով հակափաստարկները լսելու պարտականությունից:

Բողոքը քննել են գրավոր ընթացակարգով՝  ձեռքների տակ ունենալով քննարկվող դատական գործերի ոչ ամբողջական փաթեթը: Եղածից էլ  հայեցողաբար առանձնացրել, մեկնաբանել, անտեսել ու շրջանցել են այն ամենը, ինչն իրենց է պետք:  Եվ այդ ամենն այնքան շատ է ու այնքան նյարդայնացնող, որ դրանց անդրադառնալու կարիքը չկա. Պարզապես ուզում ես բղավել՝ ու՞ր է անցումային արդարադատության «ցախավելը»...   

Այդուհանդերձ, մի քանի դիտարկում անենք.

Վճռաբեկ դատարանը կենտրոնացել է հետևյալ հարցի վրա. ո՞ր պահից պետք է սկսվի փոխառության պայմանագիրը գումարը չստանալու կամ ավելի պակաս չափով ստանալու հիմքով վիճարկելու համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբն այն պարագայում, երբ փոխառության պայմանագրով կողմերը հաստատել են գումարը տալու և ստանալու փաստը:

Քննարկվել է հետևյալ տարբերակները. 1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Հիշատակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արձանագրած որոշումը, ըստ որի՝ վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով:

2. փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը որևէ եղանակով ամրագրելու պահին հաջորդող օրվանից՝ երեք տարի:

Վճռաբեկ դատարանը նախընտրել է երկրորդ տարբերակը՝ թերի նայելով գործի գործի հանգամանքները ևձեռքի տակ ունենալով  հետևյալ փաստերը  

ա/ 12.03.2011թ. փոխառության պայմանագիրը՝ 5,5 միլիոն դրամի վերաբերյալ,

բ/ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014թ. կայացված և 08.08.2014թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Համաձայն դատավճռի՝ Արտակ Մարտիրոսյանինմեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.03.2011թ. Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վ., Ա., Կ. և Է. Երեմյաններին գրավի /հիպոթեքի/ փոխառության պայմանագիր կնքել Նարինե Ասատրյանի հետ, որով գրավադրվել է Երեմյաններին պատկանող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 50/1  շենքի 41-րդ բնակարանը, որից հետո պայմանագրով նախատեսված և Նարինե Ասատրյանի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Երեմյանին, իսկ մնացած 7,700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից՝ վերջինիս պատճառելով 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս: Նշված դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

գ/սույն հայցադիմումը՝ ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան՝ 28.04.2016թ.-ին:

դ/ Նարինե Ասատրյանի միջնորդությունը /2016-ի/ ՝ վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին, որով պատճառաբանել է, որ հայցվորները իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել են առնվազն պայմանագիրը կնքելու օրը, բացի այդ, արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը: 

Ուրեմն քրեական գործի մասով Վճռաբեկ դատարանը  աչք է փակել Նարինեի ներկայության ու  դերակատարության վրա, այդ դատավճիռը կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի լղոզած ու չլողած փաստերի, չհարթած հակասությունների վրա, և տվել մանիպուլյացիոն մեկնաբանություն. «...օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12,03,2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, ինչի հետևանքով էլ վերջինս այդ քրեական գործով ճանաչվել է տուժող: Այսինքն, նշված դատավճիռը վերաբերվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ թե Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելու փաստը հաստատված լինելն ինքնին վկայում է այն մասին, որ հանցագործությամբ վնասը պատճառվել է հենց Կարինե Երեմյանին, իսկ հանցագործությամբ պատճառված վնասի չափի, ինչպես այդ վնասի հատուցման պահանջի առկայության կամ բացակայության մասով դատավճիռը սույն գործով նախադատելի չէ:»      

Այսպես կցմցել, լղոզել են ու որոշել, որ այս ամենը բավարար հիմք է՝ հայցը մերժելու համար, որովհետև այն ներկայացվել է 2016թ-ին՝ պայմանագրի վաղեմության ժամկետը լրանալուց 2 տարի անց:  Ուստի չեն անդրադարձել վերաքննիչ դատարանի կողմից գործում առկա ապացույցների բազմակողմանի և «օբյեկտիվ քննություն չիրականացնելու» և թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011թ.-ին կայացված վճռով /որը սույն գործից բացակայում է/ արդեն իսկ հաստատված նախադատելի հանգամանքներն անտեսելու վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին: 

Հետն էլ նշել են, թե անձը իրավունք ունի ողջամիտ ժամկետում քննության և որ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի տեսանկյունից:

Մինչդեռ հենց իրենք են խախտել այդ ողջամիտ ժամկետը՝ գործն իրենց մոտ պահելով 1 տարի 3 ամիս, իսկ վերջում,  փաստորեն լղոզած վճռով Երեմյաններին թողել են 5,5 միլիոն դրամի բեռի տակ... Դրա մեջ, հավանաբար, ներառել են նաև Նարինեից միջնորդ Արտակի վերցրած 7,700 դոլարը: Համենայնդեպս, Վճռաբեկի վճռից այդպես է հասկացվում:   

Գրել են, թե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, բայց իրականում հակասում է այդ շահին և դառնում վտանգավոր նախադեպ.կարելի է դատարաններում այսպիսի 100-ավոր գործեր գտնել, հովանավորված հանցագործներ, լղոզված դատական ակտեր,  որոնց հետևանքով 1000-ավոր մարդիկ զրկվել են իրենց տներից:

Հաճախ մարդիկ տանը նստած՝ տարիներ հետո են իմացել, որ իրենց տունը նոր տեր ունի, բայց ինչպես՝ հայտնի չէ: Օգտվել են մարդկանց չտեսնելու, չհասկանալու, վստահելու հանգամանքներից, կամ գործել են անբարեխիղճ փաստաբանների, նոտարների, վաշխառուների, խարդախությունը մասնագիտություն սարքած անձանց հետ համաձայնությամբ... Այս դեպքում երբվանի՞ց պետք է սկսել հայցային վաղեմության հաշվարկը՝ խարդախությամբ կնքված գործարքի հաջորդ օրվանից, թե՞ պաշտպանության ժամանակահատվածի հաշվառմամբ՝ ինչպես փորձել են պաշտպանվել Երեմյանները: Մարդը դատարան է մտել 50 տարեկանում, դուրս է գալիս 58 տարեկանում. 8 տարի դատարաններում պայքարելուց հետո ասում են՝ հայցային վաղեմության խնդիր կա: Այսինքն այդ հայցային վաղեմություն ասվածն էլ դառնում է ձևական գործիք և, չգիտես ինչու, վճռաբեկ դատարանն այն հաճախ օգտագործում ու մեկնաբանում է ի վնաս տուժած քաղաքացու:  Այսպիսի ամեն վճռով մի ընտանիք, պետության մի սյուն է քանդվում:  

Վճռաբեկի այս նախադեպով Հայաստանում վխտացող ունեզրկիչ խմբերը կարող են ընդհանրապես պատասխանատվության չենթարկվել, տնազրկվածները կշարունակեն ինչ-որ կերպ քարշ տալ իրենց գոյությունը վարձով տներում, իսկ պետությունը չի կարողանա վերադարձնել մարդկանցից ապօրինաբար խլված բնակարանները՝ մատնանշելով օրինական ուժի մեջ մտած հակասական դատական ակտերը, որոնք ոչ կարող ես հերքել, ոչ նախադատելի համարել, փաստերի կեսն էլ չունենալ, չնայել, բայց դրանց հիման վրա կայացված դատական օգտագործել որպես նախադեպ: Ուղղակի զավեշտ է:

Պետությանը մնում է մեկ տարբերակ՝ վերցնել անցումային արդարադատության «ցախավելը» ու բեկանելով ակտերը՝ մաքրել անօրինությունները, կոռուպցիայի ռիսկեր պարունակող երևույթները:

Պարոն վարչապետ, ասում եմ՝ հիմա չգնա՞նք ՀՌուզանի պալատի հետևից. չեմ ուզում   գիշերը հանգիստ քնեն, որովհետև նրանց աղճատած վճռից Երեմյաններն էլ չեն քնում սարսափից: Նրանք  չգիտեն, թե իրենց բազմանդամ ընտանիքը՝ նորածին, մանկահասակ երեխաների հետ ինչպես ու որտեղ են ապրելու, երբ 3,300 դոլարի պատճառով խլեն իրենց երեքսենյականոց բնակարանը...     

Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանը պետք է կամ ընդհանրապես վարույթ չընդուներ վճռաբեկ բողոքը, կամ՝ մերժեր, որովհետև առաջին ատյանի դատարանի վճիռը և վերաքննիչ  դատարանի որոշումը փաստարկված, հիմնավորված ու օբյեկտիվ էին՝ի տարբերություն երրորդ ատյանի:

Նշվել էր, որ Երեմյանները Նարինե Ասատրյանի տված գումարից ստացել են 1.200.000 ՀՀ դրամ /համարժեք 3,300 դոլարին/՝ որպես փոխառության գումար, իսկ պայմանագրով նախատեսված մնացած՝ 4.300,000 ՀՀ դրամը, չեն ստացել, ուստի այդ մասով պայմանագիրը պետք է համարվի չկնքված: Բացի այդ, վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությանը, գտել էր, որ այն ենթակա է մերժման, քանի որ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ քրեական գործով 31.03.2014թ.-ին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը:             

Սա է ճիշտը. 3,300 դոլարն են վերցրել, թող այդքանը վերադարձնեն, և ոչ թե դրա դիմաց 3 սենյականոց տունը խլելու լղոզված դատական ակտ կայացնեն, մի հատ էլ լղոզված կատարողական թերթ՝ «տոկոսները» մեջը փաթեթավորած...Եվ այդ ամենը՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» արտահայտության տակ, իրականում՝ նրա դեմ...

                                                                                  Էլմիրա Մարտիրոսյան