Արդարադատության համակարգը «կլինիկական մահ» է տանում, Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքի՝ արդեն 6 տարի «դատական պարտադրված տուրիզմի» մեջ գտնվող գործը՝ ևս:
Խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է, որը, մեղմ ասած՝ անբարեխիղճ որոշ պաշտոնյաների մեղքով , մանկահասակ երեխայի հետ միասին կարող է հայտնվել դրսում. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով և նրա ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը չտա:
Հաշվի առնելով խարդախության, վաշխառության տարրեր պարունակող հանցատեսակների տարածվածությունը և սույն գործով առկա վտանգավոր նախադեպի ձևավորման հնարավորությունը՝ պայմանավորված օրինական ուժ ստացած, բայց միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ, «lakmoes.am»-ը խոշորացույցի տակ է վերցրել այս գործը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա: Գործարքը կնքված է համարել 3,300 դոլարի մասով:
Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը երեկ քննության առավ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ:
Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել է. Երեմյաններն՝ իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.:
Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ-ին կայացված դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 16-ին: Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտի վերաքննիչ ատյանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Գործի մանրամասները՝ «Լակմուս»-ում
Լուսանկարում՝ դատավոր Ալվարդ Հունանյան