запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հրամանատար հայրիկ, դուստրդ հավատում է քո և իր երազանքին

1994 թվականի հունվար ամիսն էր... Արցախյան ազատամարտի բովով անցած կադրային սպա, կապիտան Գարիկ Գրիգորյանը փետրվարի 7-ին պետք է դառնար 37 տարեկան: Հույս ուներ՝ այդ օրն անձամբ լավ լուրեր հայտնել սիրելի կնոջը՝ Անահիտին. պետք է ավետեր պատերազմի մոտալուտ ավարտի և արդեն մայորի ուսադիրներով տուն վերադառնալու մասին: Ցավոք, չհասցրեց...

 Երբ սկսվեց արցախյան շարժումը, ծնունդով արցախցի Գարիկն արդեն երկու զավակ ուներ՝ Էդգարն ու Արթուրը, իսկ դուստրը, ում հետո ի պատիվ հայրենի բնօրրանի պետք է անվանակոչեր Արցախուհի և քնքշաբար ասեր Արցուհի, ծնվեց հայ մարտիկների աննկարագրելի ու անհավատալի հաղթանակից՝ Շուշիի գրավումից հետո:   

Հայրը շատ բան ուներ նրանց ասելու, բայց ժամանակ չկար ու դրա ժամանակն էլ չէր, դեռ փոքր էին...Իսկ հայ շեները, սահմանները, իր ծննդավայրը, որտեղ իր ծնողների օջախն էր,  պաշտպանության կարիք ունեին:

Այդպես սկսվում է հրամանատար, «Երկրորդ աստիճանի» մարտական խաչ շքանշանի ասպետ Գարիկ Գրիգորյանի մարտական ուղին. նա մեկնում է Արցախ՝ Մարտունու շրջանի Սոս գյուղ, ինքնապաշտպանական ջոկատ ստեղծում, այնուհետև արագ վերադառնում է իր աշխատավայր՝ սահմանամերձ Կրասնոսելսկ, որտեղ, որպես զինկոմիսարի տեղակալ, նույնպես շատ անելիքներ ուներ:

Ճամբարակի հակառակ կողմում, կրկին ազերիներն էին՝ ռուսական բանակի հովանավորության տակ: Տեղեկություն կար, որ այդ ուղղությունից հարձակում է նախապատրաստվում: Գարիկ Գրիգորյանը, գնահատելով իրավիճակը, ներթափանցում է հակառակորդի ճամբար՝ Մութաղարա, պայմանավորվում ռուսական հրամկազմի հետ, հետաձգում հարձակումը հայկական դիրքերի վրա, որպեսզի այստեղ ևս տեղի բնակչությունը և կամավորականները հասցնեին ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել ու դիմագրավել:

Նրան է վստահվում Մարտունու պաշտպանական շրջանի հարավ-արևելյան հատվածի պաշտպանությունն ու հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունը: Հետո կապիտան Գրիգորյանը նշանակվում ու ստանձնում է Ալեքսանդր Թազաղուլյանի հիմնադրած երկրորդ պաշտպանական շրջանի պետի պարտականությունները: Այստեղ միավորվում են անձնազոհ երկու հայորդիների՝ Գարիկ Գրիգորյանի ու Մոնթե Մելքոնյանի ստորաբաժանումները և Ամարասի ձորակում մի լավ ջարդ տալիս հակառակորդին՝ խփելով ադրբեջանական 14 տանկ:

 Գարիկի ավագ որդին՝ Էդգարը, մինչ օրս հիշում է հոր և Մոնթեի հետ անցկացրած դրվագները: Էդգարն այն ժամանակ տասը տարեկան էր, սակայն հայրը երբեմն նրան իր հետ տանում էր թեժ կետեր, այդ թվում՝ սահմանում բնակվող տատիկի տուն: Բախումների կարճ ընդմիջումների ընթացքում էլ հայրը որդուն սովորեցնում էր զենքեր քանդել- հավաքելու հմտությունները:

Եվ ահա 25 տարի անց, Էդգարը մանկական անկեղծությամբ պատմում է, թե ինչպես է  հետաքրքրությունից դրդված՝ ցանկացել տեսնել ամենուր լսվող «թշնամի» ասվածի իրական դեմքը, կերպարը, ով սպանում էր հայերին՝ ծերերից մինչև մանուկ: Ու մի օր էլ որդին հորը շատ ուղիղ ու անմիջական խնդրանք է ուղղում. հարցնում է՝«պապ, մի հատ թուրք կբերե՞ս՝ տեսնեմ»:

Օրեր անց հայրը կատարում է որդու խնդրանքը. մեկի փոխարեն երկու ադրբեջանցի է բերում, որ հետո հայ գերիների հետ փոխանակի:  «Տեսա սովորական մարդ ա, ջահել տղա, քաղաքացիական անձ էր»,- մանկական անմիջականությամբ շարունակում է Էդգարը՝ ավելացնելով, որ ինքը կարծում էր, թե հիմա մի սարսափելի կերպար, հրեշ է տեսնելու: Սակայն այս դեպքում նրա սպասելիքները՝ լսածի ու տեսածի հակասականության առումով, մի փոքր շփոթեցնում են նրան:

Հիշում է, թե ինչպես էր տատը խնդրում որդուն, որ գերիներին չվնասի, չկապի, հաց տա:  Հայրն էլ հորդորում էր՝ անհոգ լինել. ասում էր , որ չի սպանելու, այլ փոխանակելու է հայ գերիների հետ, բայց գիշերը չի կարող չկապել, որովհետև նրանք կարող են վնաս տալ զինվորներին, այդտեղ գտնվող բոլորին: Փոխարենը, մոր խնդրանքով, Գարիկը երկու պատանդներին մարդասիրաբար նստեցնում է իրենց կողքին, կերակրում, մի քիչ «շուլուխ» անում հետները, հետո նորից տանում ու տեղավորում է փակի տակ:

Զրուցակիցս հիշում է, որ այդ մթնոլորտը փոխում է նաև իր մռայլ պատկերացումները թշնամու կերպարի մասին, և ինքն էլ է որոշում  գթասրտություն դրսևորել: Էդգարի խոսքով՝ գերեվարված ադրբեջանցիները իր ու գյուղի երեխաների «մեղքը շատ էին գալիս», և  իրենք  որոշում են «գիշերային օպերացիա» իրականացնել. գիշերը, իրենց տներից հաց են վերցնում և, կռվող տղաներից գաղտնի, տանում ու նկուղի պատուհանի ճաղավանդակներից գցում են գերիներին: Վերջիններս ագահաբար ուտում են, իսկ իրենք հետաքրքրությամբ ու գոհունակությամբ զվարճանում, որ լավ, համարձակ գործ են արել:

Էդգարը նաև հիշում է, որ հրամանատար հայրը երբեմն իրեն էր առավոտյան շուտ  ուղարկում տղաներին քնից արթնացնելու: Ինքն էլ՝ իրենից գոհ, գնում էր և «հրամայում»՝  պապան ասել ա՝ վեր կացեք: «Բայց չէին էլ լսում, ասում էին՝ լավ էլի Էդգար, թող քնենք»,- մանկան նեղացկոտ հայացքով պատմում է Էդգարը

Էդգարը հիշում է նաև Մոնթեին, զինվորական կարգուկանոնը պահպանելու ՝ նրա հրահանգները, հորդորները: Մոնթեն չէր սիրում ծխել, իսկ իր հայրը շատ էր ծխում:  Տպավորվել է, թե  ինչպես էին նրանք «վիճում» ծխելու հարցի շուրջ, երբ ստիպված էին լինում մեկ սենյակում ռազմական պլաններ քննարկել...

Ցավոք, անձնուրաց երկու հայորդիներն էլ  զոհվեցին 1994-ին:   

 Գարիկ Գրիգորյանի վերջին մարտը Օմարի լեռնանցքում էր:  

1994թ-ի հունվարի վերջն էր: Թեժ մարտեր էին Քելբաջարում: Օմարի լեռնանցքի պաշտպանությանը մասնակցում էր նաև Վարդենիսի գունդը, որի հրամանատար էր նշանակվել Գարիկ Գրիգորյանը:

Հերթական մարտի ընթացքում գնդի 14 մարտիկներ հայտնվում են շրջափակման մեջ: Հրամանատարը տանկով շտապում է՝ շրջափակումից փրկելու իր տղաներին, սակայն ճանապարհին թաքստոց մտած թշնամին խոցում է առջևից ընթացող տանկը, ուր Գարիկն էր: Զինվորներից մեկը վիրավորվում է: Հրամանատարին թեև հաջողվում է վիրավոր ընկերոջն իջեցնել խրամատ,  սակայն երկար դիմադրել չի հաջողվում... Պայքարն անհավասար էր, իսկ նա՝ մեն-մենակ...  թշնամու դեմ...

Մինչդեռ տանն անհամբերությամբ էին սպասում նրա վերադարձին: Մեկ շաբաթից՝ փետրվարի 7-ին, Գարիկը 37 տարեկան պետք է դառնար և անակնկալ մատուցեր կնոջը: Մինչ մարտի նետվելը,  այդ մասին լուր էր ուղարկել Անահիտին... Կինը հետո պետք է իմանար, որ ծննդյան օրն ամուսնուն մայորի կոչում էին շնորհելու, աստղը զինվորականներին հատուկ արարողակարգով  շնորհավորելու և ավետելու պատերազմի մոտալուտ ավարտի մասին...

Թվում էր, թե Անահիտը շուտով պետք է հանգիստ շունչ առնի և ամուսնու հետ կիսի  մանկահասակ երեք երեխաներին մեծացնելու ամենօրյա հոգսը, որը գրեթե միայնակ էր կրում մինչ ամուսինը ճակատում էր: Բայց իրականում անակնկալը շատ ցավոտ ստացվեց, քանզի Գարիկ Գրիգորյանն այն պատասխանատու հրամանատարներից էր, ովքեր միշտ զինվորի կողքին էին, զինվորի դիմաց, իսկ ճակատագրական պահերին՝ նրանից առաջ...

«Միշտ ձգտում էր իր զինվորների կողքին լինել. երբ ասում էր՝ գնամ, տղերքս մենակ չմնան, նրան հիշեցնում էինք, որ տանն էլ իր տղաներին է մենակ թողնում»,-պատմում է տիկին Անահիտը ու ավելացնում՝ նա անդրդվելի էր, կռվող զինվորին մենակ չէր թողնում:

 Հրամանատար Գարիկ Գրիգորյանի զոհվելուց երկու տարի անց՝ 1996-ին, տան իրերը Կրասնոսելսկի կացարանից տեղափոխելիս,  Անահիտը պատահաբար մի նամակ է հայտնաբերում ամուսնու սիրած գրքերից մեկի միջից: 

Ամուսնու ձեռագիրն է. ամենայն հավանականությամբ նա գրել է Շուշիի ազատագրման կարևոր օպերացիային մեկնելուց առաջ՝ 1992թ.ի ապրիլի 29-ին ժամը 8.00-ին: Մեկնել է՝ կարծելով, որ գուցե դա իր վերջին ճակատամարտը լինի և կարևոր խոսքերը հարազատներին փոխանցելու հնարավորություն այլևս չլինի...

Ու նամակ է գրել, ծալել ու վրան էլ մի «զգուշացում» ավելացրել՝ «կբացեք միայն իմ մահից հետո, հակառակ դեպքում աստծո պատիժը կստանաք»: Այն պատգամ-նամակ էր՝ ուղղված կնոջը, երեխաներին, հարազատներին, որը հետո նրանք պիտի գտնեին ու սուրբ մասունքի պես դարձնեին իրենց կյանքի ուղենիշ...

Իսկ ինչ էր գրել Հրամանատարը...

 «Ես մի քանի ժամից մեկնում եմ Ղարաբաղ: Ոչ ոք ինձ չի հրամայել, չի խնդրել, մեկնում եմ սեփական կամքով և մեծ ցանկությամբ, քանզի գտնում եմ, որ ճիշտ եմ վարվում, որովհետև գնում եմ պաշտպանելու Հայրենիքս, մորս, հորս գերեզմանը...Գնում եմ, որ գամ, իրավունք չունեմ զոհվելու, երեսունհինգ տարեկան եմ, կիսատ գործեր շատ ունեմ...Եթե հանկարծ...

Կնոջս- Կներես մենակ եմ թողնում քեզ, գիտեմ, չես ուզում, որ ես գնամ, բայց դու տղամարդ աղջիկ ես և հասկանում ես ինձ: Շատ ափսոս, որ չկարողացա երջանկացնել քեզ:

Տղաներիս-Էդգար, Արթուր –...շուտ մեծացեք, լավ տղերք դառեք և ինձ փոխարինեք: Կարող եք հպարտանալ ձեր հորով: Պատիվս գետնով չտաք: Իմ ճակատագիրը ձեզ էլ հասավ: Կյանքիս մնացորդը ձեզ եմ բաշխում:

Հարազատներիս- Ինչքան կարող եք, ինչով կարող եք՝ օգնեք Անոյին: Եթե կուզենա ամուսնանալ, չխանգարեք, նա դեռ ջահել է:

Ընկերներիս- Ինչքան ինձ կհիշեք, ուրեմն դեռ կենդանի եմ:»

 

Չէ, հայրը չի մոռացել դստերը, պարզապես այս նամակը գրելիս նա դեռ ծնված չի եղել: Իսկ երբ ծնվել է, հայրը եկել, տեսել ու նրան Արցախուհի է անվանակոչել... Այսօր նա հպարտությամբ է կրում հայրիկի սրտից ու օրհնությամբ  իրեն տրված անունը, թեև շատ փոքրիկ է եղել՝ հոր հետ անցկացրած սակավաթիվ օրերի անգին հիշողությունները պահպանելու համար: Նա 30 օրական է եղել, երբ հայրը կրկին մեկնել է ճակատ, և մեկ տարեկան՝ երբ  վերջինս զոհվել է:

Բայց ինչպես Արցուհին է ասում՝ ինքն այսօր էլ զգում է հոր ներկայությունը: Չնայած  նամակում իրեն ուղղված որևէ խրատ ու խորհուրդ չկա, սակայն ինքը միշտ փորձում է մտովի լրացնել այն. որևէ քայլ ձեռնարկելիս պարզապես հոր խորհուրդն է հարցնում մտովի... Մտածում է՝ ի՞նչ կասեր նա, եթե իրականում ֆիզիկապես կողքին լիներ...Եթե ինչ-որ բան ձախողվում է կամ չի ստացվում, մտածում է՝ երևի թե ճիշտը դա է:

Արցուհին մասնագիտությամբ միջազգայնագետ է, բայց իր մասնագիտությամբ չի աշխատում: Երազանքն է՝ դառնալ լրագրող, ու թեև համարձակությունը դեռ  չի ներում՝ նվիրական երազանքին հասնելու համար, այդուհանդերձ հուսով է, որ մի օր այն կատարվելու է: Առայժմ արձակ ստեղծագործություններ է գրում...   

« Ես չեմ համարում, որ իմ հայրը զոհված է կամ ֆիզիկապես չկա, ես միշտ զգում եմ նրա ներկայությունը, որովհետև ինքը պատմություն է թողել, պաշտպանել է բոլորին, իսկ Արցախում իր սիրտն է թողել: Երբ գնում եմ այնտեղ, հոգեպես ավելի հանգիստ եմ զգում, հանգստանում եմ: Եթե հնարավոր լինի՝ այնտեղ կապրեմ. կարող եմ ստեղծագործել, մտածել...»,-ասում է Արցախուհին:  

Բայց այսօր ամենակարևորը, նրա կարծիքով, Արցախի հարցն է. «Թող Արցախը լրիվ անկախ լինի, ինքն իրենով ծաղկի, ես հավատում եմ դրան»:

Մեր հերոսուհին նույնկերպ հավատում  ու կիսում է տարածված այն միտքը, որ ամեն մարդու անվան մեջ նրա խտացված ճակատագիրն է: Հավատում է, բայց հավանաբար դեռ գլխի չի ընկել, որ իր անունը՝ ԱՐՑԱԽՈՒՀԻ, հոր նամակում չգրված, բայց իր ճակատագրին դրոշմված այն կարևոր ուղերձն է, որի շուրջ հյուսվել ու հյուսվելու է իր կենսագրությունը, գործունեությունը, նպատակները... հանուն նվիրական գաղափարի, այն փոքրիկ դրախտի, որտեղ հերոս հայրիկի շունչն ավելի զորեղ է, իսկ հոգու անդորրը՝ խորհրդավոր ու անխախտ:

Չէ՞ որ դու հավատում ես քո երազանքին, Արցախի ապագային, եթե մի քիչ էլ քո ուժերին հավատաս՝ հայրիկին հպարտորեն պատմելու բան էլ կունենաս... Միայն չմոռանաս՝ անհնարին ոչինչ չկա...

                                                                          Էլմիրա Մարտիրոսյան