запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Միսը թանկացել է, ո՞ւր է այն արտահանվում, ո՞վ է գերշահույթ ստանում

Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 անասուն 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ:

Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար անասուն է արտահանվել, ինչը նորից 5-6 անգամ շատ է անցած տարվա տվյալներից:

Նույն մաքսային ծառայության տվյալներով՝ կիսամյակում արտահանված 6900 անասուններից 6700-ը Իրաք են տեղափոխվել: Եվ կարծիք կա, որ արտահանողը գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ով այդ երկիր է արտահանում նաև այստեղ իր գործարանի արտահանած վիսկին: Եվ Իրաքը այդպիսով դարձել է մեր արտադրանքի համար հետաքրքիր շուկա, եթե, իհարկե, մենք այդ երկրին հետաքրքրող ապրանք ունենանք: Իսկ ամենաշատը այդ երկիր արտահանվել է ծխախոտ՝ մոտ 56․5 մլն դոլարի: Մաքսայինը ո՛չ անասունների, ո՛չ վիսկու, ո՛չ ծխախոտի, ո՛չ էլ որևէ ապրանքատեսակի դեպքում չի նշում, թե արտահանողները որ ընկերություններն են, բայց ծխախոտի դեպքում էլ նշվում է Վարդանյանների անունը: Ընդ որում՝ Իրաք արտահանված ապրանքների մեջ իրենց մասշտաբով առանձնանում են հենց այս երեք ապրանքատեսակները, մյուսների դեպքում չնչին թվեր են: Իսկ Վարդանյաններն այդ շուկա շատ ավելի վաղ էին մտել, քան՝ կմտներ Ս. Ալեքսանյանը:

Վերադառնալով խոշոր եղջերավոր անասունների արտահանմանը, նշենք, որ այդ թեման արդիական դարձավ հատկապես վերջին ամիսներին, երբ տավարի միսը կտրուկ թանկացավ: Գյուղատնտեսության նախարարությունում պարզաբանում են, որ արտահանման աճն է նպաստել այդ թանկացմանը, բայց Հ. Բերբերյանը չի համաձայնում այդ բացատրության հետ: Նրա ներկայացմամբ՝ այսօր Հայաստանում կան մոտ 650 հազար խոշոր եղջերավորներ, որից 40 տոկոսը կամ մոտ 295 հազարը կթու կովերն են, մնացածը՝ երինջներ ու ցուլեր: Իսկ այդ թվի մեջ 12 հազարը քանակ չի կազմում, որ գնաճ առաջացնի: Նրա խոսքերով՝ մսի թանկացման վրա ազդել է անասնակերի թանկացումը, քանի որ այս տարի երաշտ էր՝ անասնակերը քիչ ու մի քանի անգամ ավելի թանկ: Բայց մսավաճառները նաև հավելում են, թե անասունը կամ տավարի միսը գյուղերում առանձնապես չի թանկացել, այն թանկացել է հատկապես խոշոր սուպերմարկետներում: Եվ սուպերմարկետների տերերը արհեստականորեն են հրահրել այդ թանկացումը, որպեսզի գերշահույթ ստանան:

Իսկ Հ. Բերբերյանը նաև գտնում է, որ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի թերացավ ու ժամանակին չկազմակերպեց խոտհունձը, խոտը չորացավ, մարդիկ չհասցրեցին այն հնձել, ու անասնակերն այս տարի քիչ ու թանկ է լինելու: Դա իր հերթին առաջիկայում հանգեցնելու է զանգվածային մորթի ու անասնագլխաքանակի կտրուկ անկման, ինչն արդեն կարող է բերել թե՛ մսի, թե՛ կաթնամթերքի էլ ավելի թանկացմանը: Ավելին, նրա ներկայացմամբ՝ նախարարությունը կամ կառավարությունը հաշվի առնելով իրավիճակը՝ չգիտես ինչու, տարին երաշտային չհամարեցին: Մինչդեռ այդ դեպքում ՀՀ-ն կարող էր դիմել միջազգային կառույցներին ու որոշակի ֆինանսավորում ստանար, ինչը կմեղմեր երաշտի պատճառած վնասները: Այդ հարցով նա արդեն դիմել է կառավարությանը: Ընդ որում, Բերբերյանի խոսքերով, եթե նախարարությունը ժամանակին կազմակերպեր խոտհունձը, հատկապես անտառային տնտեսություններում՝ ո՛չ Խոսրովի անտառի, ո՛չ էլ մյուս անտառներում ու վայրերում այս տարվա աղետալի հրդեհները չէին լինի: Հրդեհին առավելապես նպաստել է այդ տարածքների չհնձած չորացած խոտը:

Իսկ ինչ վերաբերում է խոշոր կամ մանր եղջերավորների արտահանմանը, ապա դա բոլորովին էլ վատ երևույթ չէ: Հակառակը՝ մենք պետք է ուրախանանք, որ մեր որևէ ապրանքի նկատմամբ դրսում պահանջարկ կա: Պարզապես այդ արտահանումը պետք է այնպես կազմակերպել, որ այն վերարտադրությանը չվտանգի: Պետք չէ մայրացուներին ձեռք տալ, պետք է բազմացնել այնքան, որ արտահանումը անկում, դեֆիցիտ կամ թանկացում չառաջացնի: Այնպես ինչպես դա տեղի ունեցավ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի օրոք: Իսկ Հ. Բերբերյանի ներկայացմամբ՝ Հայաստանը 10 անգամ ավելի՝ 100-120 հազար գլուխ անասուն արտահանելու հնարավորություն ունի, եթե այդ ոլորտի նկատմամբ պետական լուրջ ուշադրություն լինի:

Լեռնային շրջանների շատ խոտհարքեր ու արոտավայրեր թեև սեփականաշնորհվել, բայց անտերության են մատնված: Դրանց սեփականատերերը գերադասում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել, քան թե անասնապահությամբ զբաղվել: Օրինակ, իր կաթնամթերքով ու հատկապես պանիրով հայտնի Կալինինոն՝ այսօրվա Տաշիրի շրջանը կորցրել է իր վաղեմի նշանակությունը: Խնդիրն այն չէ, որ այդ ու իր նման մյուս շրջանի բնակիչները ՌԴ-ում շինարարությամբ զբաղվելը գերադասում են հայրենի գյուղում անասնապահությունից: Խնդիրն այն է, որ նրանք իրենց գյուղերում անասնապահությամբ չեն կարողանում հոգալ իրենց օրվա ապրուստը: Չե որ նրանց արտադրած 1 լիտր կաթի դիմաց մթերողներն ընդամենը 120-130 դրամ են տալիս, ինչն ավելի էժան է, քան թե սովորական խմելու ջրի կես լիտրանոց շիշը: Տավարի միսը գյուղացիները վաճառում են 2000-2200 դրամով, մինչդեռ Երևանի սուպերմարկետներում դրա գինը 2600-3400 դրամ է: Գյուղացին իր արտադրած մսամթերքից ու կաթնամթերքից այն եկամուտը չի ստանում, ինչը վերավաճառողներն են ստանում: Դրա համար էլ տղամարդիկ արտագաղթում են, մի քանի տարի հետո էլ իրենց ընտանիքներն են տանում:

Հ. Բերբերյանի խոսքերով՝ որպեսզի անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու լինի գյուղացիների համար, նրանք չարտագաղթեն ու չդատարկեն գյուղերը, կառավարությունը պետք է այդ ոլորտում լուրջ քաղաքականություն վարի: Պետք է կազմակերպի անասնապահության հետ կապված բոլոր գործընթացները՝ խոտհունձից մինչև կաթնամթերքի ու մսամթերքի այնպիսի իրացումը, որ գյուղացին շահագրգռված լինի զբաղվել այդ գործով: Պետք է հնարավորինս խթանի այդ ոլորտի արտադրության ու արտահանման ծավալները, որպեսզի մեր գյուղերը չդատարկվեն: Եվս մի հետաքրքիր հանգամանք: Բազմիցս է բարձրաձայնվել այն հարցը, որ Արցախի հողատարածքներն ու կլիմայական պայմանները անասնապահությամբ, մասնավորապես գյուղատնտեսությամբ, ընդհանրապես զբաղվելու մեծ հնարավորություն են ընձեռում: Եվ ՀՀ իշխանությունները չեն օգտագործում նաև այդ պոտենցիալը: Արտագաղթում են նաև Արցախից: «Եթե ճիշտ համակարգեր ենք մշակում, եթե գյուղացին այս հողի վրա կարողանա իր եկամուտը ապահովել, երբեք չի գնա: Արցախում լուրջ անասնապահություն կարող ենք ունենալ՝ ապահովելով սելեկցիան, այն հիբրիդները, որոնք կենսունակ են մեր տարածաշրջանում: Բայց երբ Լիտվայից բերում ենք անասուն, որից 7 էլ ճանապարհին սատկում է, ոլորտ չենք զարգացնի»,- եզրափակում է Հ. Բերբերյանը:

1in.am